Դեմքի ձգում կամ դեմքի պլաստիկ վիրահատությունը հայտնի է տարբեր երկրներում, որպես էսթետիկ վիրաբուժական միջամտություն։ Վիրահատության ընթացքում մասնագետները շտկում են դեմքի օվալը և նվազեցնում ծերացման նշանները՝ կախված և ծերացած մաշկը։ Վիրաբուժությունը նաև ընդգրկում է պարանոցի կախված և ավելորդ մաշկի հեռացումը։
Վիրահատության առաջին և ամենակարևոր քայլն անզգայացումն է։ Անզգայացումն անհրաժեշտ է պացիենտին առավելագույն հարմարավետություն տրամադրելու համար և իրականացվում է ինչպես ներերակային, այնպես էլ ընդհանուր տարբերակով։ Անզգայացման տարբերակի ընտրությունը պայմանավորված է վիրահատության բարդությունից, բժշկի ցուցումից, ինչպես նաև պացիենտի նախընտրությունից։
Կտրվածքների ոճը պայմանավորված է դեմքի վիրահատության տեսակից։ Օրինակ՝ քունքային լիֆթինգի դեպքում կտրվածքն իրականացվում է քունքի հատվածում։ Այս կտրվածքի միջոցով հեռացվում է աչքերի շրջանում կախված մաշկը և աչքերին տալիս է բացվածք, բարձրացնում հոնքերի եզրերը և վերացնում ոչ խորքային կնճիռները։ Կտրվածքի ու դեմքի ձգման այս տեսակը հաճախ համադրվում է կոպերի շրջանում կախված մաշկի հեռացման, այսինքն բլեֆարոպլաստիկայի հետ։
Դեմքի մաշկի ձգում իրականացնելիս նաև ներառվում է դեմքի միջին հատվածի ձգումը։ Այս դեպքում կտրվածքներն իրականացվում են այտերի վերին հատվածում և թույլ են տալիս ձգել այտոսկրային ու քիթ-շրթունքային ծալքերը։
Գոյություն ունի ևս մեկ տարբերակ՝ Մենդելսոնի տարբերակը, որի դեպքում կտրվածքներ կատարվում են դեմքի ստորին երրորդական հատվածում և թույլ են տալիս ձգել պարանոցը և իրականացնել դեմքի ստորին հատվածի պլաստիկ ձգում։
Անհրաժեշտության դեպքում, վիրաբույժներն իրականացնում են նաև դեմքի շրջանաձև ձգում, ինչի դեպքում, ըստ բարդության, վիրահատությունը կարող է տևել սկսած 1 ժամից մինչև 4 ժամ։ Այս դեպքում պացիենտը ստանում է ընդհանուր անզգայացում։
Այսպիսով, դեմքի պլաստիկ վիրահատությունն ընդգրկում է կտրվածքների տարբեր տեսակներ, որոնց ընտրությունը կախված է դեմքի ձգման տեսակից և պացիենտի նախընտրությունից։
Դեմքի վիրահատական ձգում իրականացնելիս վիրաբույժները նաև անցկացնում են հյուսվածքների մանիպուլյացիա, այսինքն՝ մաշկի ստորին հյուսվածքները բարձրացվում և տեղափոխվում են՝ մաշկին ավելի երիտասարդ տեսք տալու համար։ Այս փուլում հեռացվում է նաև ավելորդ մաշկը՝ բնական տեսքի համար։
Վիրահատական գործընթացն ավարտելուց հետո վիրաբույժները փակում են բոլոր կտրվածքները՝ օգտագործելով կարեր կամ մաշկի կպչյուն նյութեր։ Կարերի դեպքում վիրաբույժներն օգտագործում են հատուկ թելեր, որոնք նախատեսված են մաշկը և մաշկային հյուսվածքներն իրար միացնելու համար։ Կախված տեսակից, մաշկի վերականգնման ընթացքում այս թելերը հեռացվում են բժշկի կողմից կամ ներծծվում՝ առանց միջամտության։
Մաշկի կպչուն նյութերի դեպքում օգտագործվում են միմիայն մաշկի համար նախատեսված հատուկ նյութեր։ Դրանք նախատեսված են կտրվածքները սոսնձելու և ապահով պահելու համար՝ մինչ դրանց ապաքինումը։ Ապաքինումից հետո դրանք հեռացնել հարկավոր չէ, քանի որ ներծծվող թելերի նման դրանք անհետանում են։
Երկու տարբերակների ընթացքում էլ վիրաբույժները կիրառում են կտրվածքները փակելու հատուկ տեխնիկա՝ ուղղված սպիների առաջացման ռիսկը նվազագույնի հասցնելուն։ Այս գործընթացում վիրաբույժները հարթեցնում են կտրված մաշկի երկու կողմերը և օգտագործում միայն նուրբ թելեր (այլ կերպ նաև՝ կարեր) կամ մաշկի սոսինձներ՝ կտրվածքներին հավելյալ սթրեսից զերծ պահելու նպատակով։
Վիրահատությունից հետո, պացիենտը կնկատի որոշակի այտուցվածություն և կապտած հատվածներ, որոնք լիովին կապաքինվեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Խրախուսելի է այտուցված հատվածների վրա պահել սառույց, ինչպես նաև գլուխը բարձր պահել՝ այտուցվածությունն ու կապտուկները նվազեցնելու համար։
Արդյունքներն ավելի տեսանելի են վերջնական ապաքինումից հետո, երբ ընդհանուր դեմքի այտուցվածությունն անցել է։ Սակայն, վիրահատությունից 4-6 ամիս հետո նույնպես՝ կարելի է նկատել փոփոխություններ։ Իսկ վերջնական արդյունքը կարելի է գնահատել միայն 12 ամիս անց։
Դեմքի վիրահատական ձգումն ունի երկարատև արդյունքներ, սակայն՝ շարունակական ծերացման հետևանքով այն չի կրում մշտական բնույթ։ Այսինքն՝ տարիների ընթացքում վիրահատական միջամտությամբ ձգված մաշկը կարելի է կրկին ձգել՝ կախված մաշկից ձերբազատվելու համար։
Դեմքի ձգումից հետո, նկատելի է ավելի էլաստիկ մաշկ՝ զերծ կախված և կնճռոտ հատվածներից, ավելի նկատելի ուրվագծեր և դեմքի մաշկի ավելի առողջ ու երիտասարդ տեսք։
Դեմքի վիրահատական ձգումը համապարփակ էսթետիկ միջամտություն է՝ ուղղված կախված մաշկի և կնճիռների հեռացմանը։ Քանի որ, այն վիրաբուժության տեսակ է, Մեդինէս բժշկական կենտրոնն այն անցկացնում է որակավորված վիրաբույժների և այլ մասնագետների կողմից՝ գերազանց արդյունքների համար։