Ռինոպլաստիկա (քթի պլաստիկ վիրահատություն)

Ռինոպլաստիկան էսթետիկ վիրահատություն է, որի նպատակն է փոխել քթի չափը կամ ձևը: Այսօր ռինոպլաստիկան ամենատարածված վիրահատական միջամտություններից է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ռինոպլաստիկան կարող է իրականացվել ինչպես բժշկական ցուցումներով՝ բնածին արատների կամ վնասվածքների դեպքում, այնպես էլ էսթետիկ նկատառումներով, երբ պացիենտը գոհ չէ իր քթի ձևից։

Ռինոպլաստիկան կատարվում է երկու վիրաբուժական մեթոդներով՝ բաց կամ փակ: Բաց մեթոդի կիրառման դեպքում կտրվածք է արվում ոչ միայն քթի ներսում, այլ նաև ծայրի ստորին հատվածում (կոլումելա): Փակ ռինոպլաստիկայի ժամանակ կտրվածքներ են կատարվում միայն քթի ներսում:

Ռինոպլաստիկայի ցուցումները.

1. Քթի դեֆորմացիա,

2. Քթի կառուցվածքի բնական արատ,

3. Քթի լորձաթաղանթի խցանում և բորբոքում,

4. Լորձի կուտակում և շնչառության դժվարացում,

5. Ցավ դեմքի շրջանում, կանոնավոր գլխացավեր,

6. Հոգեբանական անհարմարություն ոչ գեղեցիկ, անհամաչափ քթի, մեծ ոչ սիմետրիկ քթանցքների պատճառով։


Հակացուցումներ.

1. Մինչև 17 տարեկան տարիքը։

2. 65 տարեկանից հետո չի կարելի կատարել, քանի որ այդ տարիքում կարող են բարդություններ առաջանալ, ինչպես նաև դանդաղում է վերականգնողական պրոցեսը:

3.  Հղիության ժամանակ:

4. Եթե ​​կան սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ, օրինակ՝ սրտային անբավարարություն,

5. Ուռուցքային հիվանդություններ,

6. Սուր վարակիչ հիվանդություններ,

7. Շաքարախտ,

8. Հեպատիտ B, C,

9. ՄԻԱՎ,

10. Արյան մակարդելիության խանգարում:

Վերականգնողական շրջանը միջինում 10-14 օր է: Վիրահատությունից հետո անհրաժեշտ է օրական առնվազն 3 անգամ ողողել քթի լորձաթաղանթը ֆիզիոլոգիական լուծույթով:

Ֆիզիկական ակտիվության կարելի է վերադառնալ վիրահատությունից 3-4 շաբաթ անց: Հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ընդունել բժշկի նշանակած դեղերը: 

Նախքան վիրահատությունը.

1. Վիրահատության նախորդ օրը ժամը 20:00-ից հետո ոչինչ չուտել, 24:00-ից հետո ոչինչ չխմել:

2. Առավոտյան՝ վիրահատությունից առաջ, ոչինչ չի կարելի խմել կամ ուտել։

3. Վիրահատության ներկայանալ առանց դիմահարդարման:

4. Հեռացնել ձախ ձեռքի բութ մատի շելակը:

5. Բոլոր զարդերն ու թանկարժեք իրերը թողնել տանը:

6. Վիրահատությունից առաջ մեկ շաբաթվա ընթացքում դեղորայք չընդունել:

7. Վիրահատությունից առաջ մեկ շաբաթվա ընթացքում ալկոհոլ չօգտագործել:

8. Պատրաստել հարմարավետ հագուստ, որը չի վնասի վիրահատված քիթը` հանելու կամ հագնելու ընթացքում:


Հետվիրահատական շրջան.

1. Հեղուկ օգտագործել կարելի է վիրահատությունից մեկ ժամ անց, բայց քիչ-քիչ։

2. 3-4 ժամ հետո կարելի է թեթև կերակուր ուտել:

3. Անկողնային ռեժիմ է պետք պահպանել միայն վիրահատության առաջին օրը, հաջորդ օրը այն չեղարկվում է:

4. 3 շաբաթվա ընթացքում քնել միայն մեջքի վրա պառկած:

5. Խմել օրական առնվազն 2 լիտր ջուր:

6. Գլխի բարձր դիրքը կնվազեցնի դեմքի այտուցը:

7. Կոսմետիկ միջոցները կարելի է օգտագործել վիրահատությունից 7 օր անց:

8. Մազերը կարելի է լվանալ 3-րդ օրվանից՝ գլուխը հետ տանելով, ինչպես վարսավիրանոցում:

Վիրահատության վերջնական արդյունքը տեսանելի է դառնում 1 տարի անց: